Monday, December 26, 2011

Սյունիքի մարզպետարանի կայքից

Անգեղակոթ

Բնակչություն` 1860

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 104 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 14 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1840 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Անգեղակոթ։
Անգեղակոթը գտնվում է Որոտանի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, համարվում է Հայաստանի հնագույն բնակավայրերից, թեև հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզի դարի դոլմեններ, շրջակայքում կան մ.թ.ա. 8-1 հզմ. դամբարանադաշտեր, բազմաթիվ խաչքարերով գերեզմաններ, ջրաղացների համակարգ, կիկլոպյան ամրոցի հետքեր, գյուղատեղիներ։ Միջնադարյան նշանավոր հուշարձաններից է սբ Ստեփանոս, սբ Աստվածածին, սբ Հազարափրկիչ եկեղեցիները և մատուռները։
Անգեղակոթը գտնվելով Շաղաթ մայրաքաղաքի շրջակայքում, նշանավոր էր դեռևս 5-րդ դարում։ Այստեղ է հիմնվել մարզպան Վասակ Սյունին, այստեղ է գտնվում «Վարդան զորավար» սրբավայրը, որտեղ սըտ պատմաբան Մարուս Հասրաթյանի, թաղված է հայոց մեծ զորավար Վարդան Մամիկոնյանը, որի դին այստեղ են բերել (451թ.) Ավարայրից վերադարձող զորքերը։
Միջին դարերում Անգեղակոթը Սյունիքի հոգևոր ու մշակութային, ապա նաև՝ վարչական կենտրոններից էր։ 16-17-րդ դարերում այն մելիքանիստ էր, նույնիսկ անվանվում էր գյուղաքաղաք։ Այստեղ ընդօրինակվել են ավետարաններ, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, բազմաթիվ ձեռագրեր, այստեղ է գործել նշանավոր Շմավոն Անգեղակոթցի վարդապետը։ Անգեղակոթում 1699թ. հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Իրայել Օրու գլխավորությամբ կայացել է Անգեղակոթի ժողովը։
Անգեղակոթը 1750-ական թվականներից անկում է ապրել, իսկ 1797թ. Աղու-Մահմեդ խանի երկրորդ արշավանքից հետո դատարկվում է։ Վերաբնակեցվում է 1828-30թթ.՝ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ շրջաններից (հիմնականում Ղարաքյավշան գյուղից) գաղթած հայ բնակիչներով, որոնք հիմնում են նոր Անգեղակոթը։ 1930-ական թվականներին Անգեղակոթից մի քանի տասնյակ ընտանիքներ տեղափոխվել և բնակություն են հաստատել Շաքի, Սպանդարյան և Սառնակունք գյուղերում։
Անգեղակոթում են ծնվել գիտությունների դոկտորներ՝ Վահան Բադալյանը, Տիգրան Մովսիսյանը, ՀՀ գյուղնախարար Գևորգ Ստեփանյանը և ծանրամարտի օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն Օգսեն Միրզոյանը։
Տնտեսությունը
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 532 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2011թ. հունվարի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 1149 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 2068 գլուխ,
- խոզեր` 149 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 234:
Համայնքում 2010թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 105 հա աշնանացան:
Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 9851 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 9244 հա, որից`
- վարելահող` 1513 հա, բազմամյա տնկարկ` 12 հա, խոտհարք` 2 հա, արոտ` 2559 հա, այլ հողատեսք`5158 հա
- բնակավայրերի հողեր` 292 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 17 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`17 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 33 հա,
- անտառային հողեր` 173 հա, որից անտառածածկ` 145 հա
- ջրային հողեր` 75 հա

Հուշարձանները վտանգված են

Հին աշխարհի երևույթներից մեկը կլիներ ավան-Անգեղակոթը, եթե այն մնար իր պատմական տեղում ու գոյատևեր իսկական անգեղակոթցիներով: Սակայն այսօր` մեր օրերում ինչը և ինչպես կարելի է ներկայացնել Անգեղակոթը և ժամանակակից անգեղակոթցուն այնքան էլ հեշտ չէ: 
Պատմական Անգեղակոթը իր նիստ ու կացով, իր մեծատուն մելիքներով, և որպես ավան-Անգեղակոթ մնաց 1810 թվականի ետևում, և նույն թվականից մինչև 1828 թվականը` այսինքն 18 տարի այնտեղ դարձել է ամայի և միայն քամին էր սուրում, կարծես ողբալով ավան-Անգեղակոթի կործանումը: Մեզ մնում է միայն խոսել այսօրվա Անգեղակոթի մասին, որի բնակիչները ներգաղթել են Պարսկաստանի Կարաքյովշան բնակավայրից, որոնք թվով 200 ընտանիք եկան և տեղավորվեցին այժմյան Անգեղակոթում, որը մի քարքարոտ հողազուրկ և ջրազուրկ վայր էր: Դա պատահեց 1828 թվականին, և պատմական Անգեղակոթը իր հուշարձան-կոթողներով, իր եկեղեցիներով, վերջապես իր հուշահամալիրներով, մնաց ստեղծվող գյուղից դուրս, և ժամանակը նրա վրա շերտեր կազմեց: Ուստի պատմական Անգեղակոթը կմնա որպես պատմություն պեղողների և հնագետների համար, իհարկե, եթե հասցնի, քանի որ 1928 թվականից որակը փոխած անգեղակոթցին, պատմական արժեքը չհասկանալով, այն բազմաթիվ հուշարձան-կոթողները վերածում է քարհանքների, որից անտարբերորեն քար քամում, իսկ քարից էլ փող... Ու պետական մարմիններն էլ ինչ, իհարկե այս ամենի վրա աչք են փակում, քանի որ հուշարձաններից ինչ օգուտ, իսկ քարհանքը ահռելի հարկեր է բերում նրանց, նրանք էլ որպես "մարդ" հասկանում են ու իրար մեջ պայմանավորվելով ապրում: Հա, այս ամենի հետ մի քիչ կապ ունեցող մի ցավալի պատմություն էլ. պատկերացնում եք Հայաստանի ներսում գտնվող արժեքները բուլդոզերով խոշտանգվում են ու վերացվում, իսկ հնագետները, այսինքն հուշարձանի և մշակույթի պաշտպանները "անձնազոհ" պայքար են մղում Նախիջևանի խաչքարերի վերացման, Ջավախքի եկեղեցիների: "Այո', ճշմարիտ է, սա վանդալիզմ է , բայց, պարոնա'յք ում ենք խաբում, եթե ոչ ինքներս մեզ, բա մեր հայրենակից վանդալների մասին ով պետք է խոսի, չէ որ պատմական Անգեղակոթը իրենից մի հուշահամալիր էր ներկայացնում մինչ այդ չարաբաստիկ քարհանքների գործելը:
Փ. Յան