Monday, February 6, 2012

Պատմական ակնարկ


  Անգեղակոթի հյուսիսային մասում է գտնվում “Խաչքարեր” կոչվող գերեզմանատունը, որտեղ պահպանվում են բազմաթիվ խաչքարեր:  Գյուղի գերեզմանատներից մեկը 5-րդ դարի հնություն ունի: Այստեղ կան նեոլիթի, բրոնզե դարի դոլմեններ, մատուռներ, ձիթհան (17-րդ դար), դամբարաններ, որոնք Աքեմենյան դարաշրջանի են կամ ավելի վաղ` Արտաշեսյանների, Սուրբ Ասվածածին եկեղեցին (12-րդ դ.), որի պատերին պահպանվում են բազմաթիվ արձանագրություններ, Սուրբ Ստեփանոս (ըստ վարպետի թողած արձանագրության` կառուցվել է 1157թ.) կամ Պստիկ եկեղեցին, Սուրբ Հազարափրկիչը` գյուղից հարավ-արևմուտք` Նախիջևան տանող ճանապարհի վրա: Սուրբ Վարդան կիսաժայռափոր կիսաավերված եկեղեցին և վաղ քրիստոնեական շրջանի 10-ից ավելի եկեղեցիների, մատուռների, սրբավայրերի, 14 ջրաղացների, 3 ձիթհանների հետքերը դեռ կանգուն են:
     Անգեղակոթի “Խաչքարերի այգին” պատկանում է միջնադարին: Այն արտացոլում է 13-15-րդ դարերի հայ մշակույթը: Խաչքարերը կանգնեցվել են որպես հուշարձան` ի պատիվ ռազմական հաղթանակների, կարևոր պատմական դեպքերը հավերժացնելու և որպես տապանաքար:
   Գյուղի հուշաքանդակների վրա հանդիպում ենք որսի պատկերների. որսորդը ձիու վրա` աջ ձեռքում բռնած է սոխակ, իսկ ձախում` գավաթ: Հենց նույն վայրում էլ պատկերված է եղջերու, ձի և տարբեր թռչուններ, որոնք գտնվում են շարժման մեջ:
   Գոդեձորում` գյուղի տարածքում, հայտնաբերվել է հին բնակավայր, որը պատկանում է էնեոլիթի դարաշրջանին, իսկ ավելի ստույգ, մ.թ.ա. 5-րդ հազարամյակի առաջին կեսից մինչև 4-րդ հազարամյակի առաջին կեսը: Գիտնականների կարծիքով` բնակավայրը զբաղեցրել է 15 հա տարածություն:  
   Մորուս Հասրաթյանն ապացուցում է, որ Վարդան Մամիկոնյանի սրբավայրում է թաղված հայ մեծ զորավար սպարապետ Վարդան Մամիկոնյանի դին, որը Ավարայրի ճակատամարտից Սյունիք են բերել նահանջող զորքերը:
   «…Վարդանի դին, ըստ երևույթին, ամփոփվել է այդ սրբավայրի հարավային պատի տակ…»: Վարդան Մամիկոնյանի հիշատակին կառուցված է եղել մոտ 8 մետր բարձրություն ունեցող հուշարձան: Կասկածից վեր է, որ Անգեղակոթի Սուրբ Վարդան կոչվող սրբավայրը հիմնվել է Մարզպանական Հայաստանի ժամանակ` նախկին հեթանոսական սրբավայրի և այնտեղից բխող սուրբ ջրի և կիկլոպյան ամրոցի հարևանությամբ:
  Անգեղակոթի մասին տվյալներ կան դեռևս մեր թվարկությունից առաջ հույն աշխարհագրագետ-պատմագիր Ստրաբոնի, հայ պատմիչներ Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, պատմաբաններ Ս. Օրբելյանի, Ղ. Ալիշանի, Մ. Չամչյանցի, Ե. Լալայանի և ուրիշների մոտ:
   Պատմական աղբյուրներում հանդիպում ենք Անգեղատուն, Անգեղ-Բերդաքաղաք, Տորք-Անգեղ, Անգեղ-Տորք, Անգեղաձոր և այլ անուններով: Այդ անունով եղել են գավառ և նախարարություն Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, այժմյան Թուրքիայի Դիարբեքիր վիլայեթի Ակլ կամ Էգիլ գավառի տեղում: Կենտրոնը Անգղ բերդաքաղաքն է եղել, որի ավերակները գտնվում են Դիարբեքիրից հյուսիս, Տիգրիս գետի վերին հոսանքի աջ ափին:
 Ենթադրվում է, որ "անգեղ" անունը ծագել է նույնանուն աստվածությունից (հին կտակարանում թարգմանիչը շումերհեթիթյան ռազմի Ներգալ աստծո անունը հայերենում փոխել է Անգեղի): Անգեղ անունով տեղանուններ են եղել Հայաստանի Ծաղկոտն գավառում, Սյունիքի նահանգում (Անգեղի, Անգեղակոթ, Անգեղ ձոր), Վանա լճի ափին , Արտամետի մոտ: Ըստ Փավստոս Բուզանդի, Անգեղ ամրոցը եղել է հայ Արշակունի թագավորների գանձարանը և նրանց աճյունների հանգստարանը:
    Սակայն անգեղ-անգել բառը հրեշտակի իմաստով հայերենում վաղուց գործածել են, իսկ կոթը` կոթող, կառույց իմաստն ունի: Հետևաբար Անգեղակոթ նշանակում է հրեշտակի պատվին կամ հրեշտակի կողմից կառուցված կամ ուղղակի հրեշտակի կառույց:
    Անգեղակոթը ունեցել է գրչության օջախ: Այստեղ ընդօրինակված ձեռագրերից մեզ են հասել երեքը` երկու ավետարան և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբեգության» պոեմը, որն ընդօրինակել է Գրիչ Մաթեոսը 1431 թվականին: 1422 թվականի ընդօրինակված ավետարանի գրիչն է Առաքել Սյունեցին, երկրորդինը` (1428 թ.) Մովսես Անգեղակոթցին: 1422թ. Առաքել Սյունեցին (1355-1425), ժամանակի նշանավոր բանաստեղծը, գիտնական-մանկավարժը, գրիչն ու ծաղկողը և կրոնական գործիչը, Անգեղակոթում ընդօրինակում է մի ավետարան, որի հիշատակարանում գրում է. «…Կատարեցաւ սուրբ եւ աստուծախաւս աւետարանս ձեռամբ տէր Առաքելոյ Սիւնեաց, յանապատիս Անգեղակութոյ, ի թվիս Հայոց ՊՀԱ…» (Մատենադարան, ձեռ. 3713):
     1428թ. Մովսես Անգեղակոթցի գրիչը ընդօրինակում է մի ավետարան, որի հիշատակարանում գրում է. «Գրեցաւ աստուծահոս քառաբուղխ ջուրս, աստուծախաւս հրամանս, ի թվականութեանս ՊՀԷ, ի հռչակաւորս գեղս Անգեղակոթ, ընդ հովանեաւ սուրբ Աստվածածնիս, ի ղանութիւն Սքանդար Միրզին, եւ յիշխանութիւնն Բեշկենին, եւ տանըտիրութիւն Շապանին» (Մատենադարան, ձեռ. 6401):
    Սա նշանակում է նաև, որ Սմբատի որդի Բեշքենը դեռևս պահպանում էր իր իշխանական դիրքը, իսկ ավետարանն էլ գրվել է Շապանի պատվերով, որը այդ հռչակավոր գյուղի տանուտերն էր:
    1431թ. Մաթևոս երեց գրիչը (հավանաբար Անգեղակոթցի) ընդօրինակում է Գրիգոր նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, որի հիշատակարանում գրում է. «…Արդ, գրեցաւ Նարեկա սուրբ վարժապետի աղաւթից կտակս այս ի թվականութեանս Հայոց ՊՁ, ի գեաւքաղաքս, որ Անգեղակոյտ յորջորջի…» (Մատենադարան, ձեռ. 7986):
   1459թ. գրիչ Գրիգոր Անգեղակոթցին տարագրության մեջ (Կիկեթում) արտագրած մի ավետարանի հիշատակարանում պատմում է Լենկ-Թեմուրի ավերիչ տարիներին իր ընտանիքին հասած ողբերգության մասին, որից ոչ ոք չէր մնացել: Պատմությունն ավարտում է այսպես. «Եւ ետ նոցա չար Ջահաշեն դիմեց ի վերա երկրին եւ զբազումս գերեց եւ կոտորեց, եւ զմայրն իմ իբրեւ զԱկովբիկ հատեցին զբ (2) ձեռն, եւ զգլուխն ի արիւն թաւլեցուցին, ի տաւնինսրբոյն Գէորգայ զհատեալ մարմին ի գերեզման թաղեցի…» (Մատենադարան, ձեռ. 7986):
     15-րդ դարի կեսերին Սյունիքում մեծ համբավ ուներ նաև Տաթևի վանահայր Շմավոն վարդապետ Անգեղակոթցին: Նա  հավաքում էր այս ու այն կողմ ցրված մատյանները:
    Սեֆյան Իրանի տիրապետության (17-19-րդ դդ.) շրջանում Անգեղակոթը եղել է գավառի մելիքության կենտրոնը, որի հիմնադիրն էր Մելիք Սաֆրազը: Գյուղում հայտնի էին նաև Մելիք Թանգյանները (նրանք հաճախ նստում էին նաև Բռնակոթում) և Մելիք Շահնազարյանները: Պատմաբան, հնագետ, ազգագրագետ Մորուս Հասրաթյանի խոսքերով ասած` «Մելիք Շահնազարը գլխավոր դեմք է եղել և եկել է տիրացել նաև Բռնակոթին…»: Դա է վկայում Բռնակոթում Մելիք Թանգյանների կառուցած եկեղեցու գավթի մուտքի քարի վրայի արձանագրությունը:
    Հին Անգեղակոթը ընկած էր Որոտանի ձախափնյա արևահայաց ձորալանջին: Պատմական բազմաթիվ վավերագրերում Անգեղակոթը համարվում է գյուղաքաղաք, որը Սյունիքում ճանաչված էր իր հռչակով, հիասքանչ դիրքով ու  տեսքով:
   Անգեղակոթի վերէլքի սկզբնավորումը հավանաբար պետք է կապել 5-րդ դարի հետ, երբ սկսեց զարգանալ Շաղատը` Սյունիքի քաղաքական ու կրոնական կենտրոնը, մեծ ազդեցություն ունենալով նաև հարևան Անգեղակոթի վրա: Մարզպանական Հայաստանի ժամանակաշրջանում Անգեղակոթում տեղի ունեցան խոշոր իրադարձություններ: Նախ Վասակ Սյունին հիմնվեց Անգեղակոթում, Վարդան Մամիկոնյանի դին Ավարայրից բերվեց Անգեղակոթում թաղելու և հուշարձան կանգնեցվեց և, վերջապես, մարզպանի մահիս հետո նրա պատվին կոթող կառուցվեց:
      Հետագա տարիներին, երբ Շաղատը կորցնում է իր ազդեցությունը (Սյունիքի (Բաղքի) թագավորության ստեղծման և նրա վարչական կենտրոնը Կապան տեղաոխվելու հետևանքով), Անգեղակոթը շարունակում է պահպանել իր ազդեցությունը` շնորհիվ իշխանական տների հզորության ու բնակչության ստվարության, և դառնում է Սյունիքի այդ տարածքի փաստական կենտրոնը: Անգեղակոթը հատկապես բարգավաճում ապրեց Օրբելյանների օրոք: Հետագա տարիներին Անգեղակոթը Սյունիքի բազմաթիվ նշանավոր բնակավայրերի հետ ենթարկվում է Լենկ-Թեմուրի և այլ հարձակումների:
      Միջին դարերում մնալով որպես Սիսիանի փաստական հոգևոր ու վարչական կենտրոն, Անգեղակոթը պարսկական տիրապետության տարիներին դառնում է մելիքանիստ գյուղ: Եվ քանի որ Անգեղակոթի մելիքությունը 17-րդ դարավերջին Սյունիքում տնտեսական ու քաղաքական ամենակարևոր դերն էր կատարում ` լինելով Արցախ-Սյունիք-Նախիջևան-Թավրիզ առանցքի կենտրոնում, ուստի հենց  Անգեղակոթում էլ, մեծ հեղինակություն վայելող Մելիք-Սաֆրազի ոստանում, 1699թ. հավաքվեցին Արցախի և Սյունիքի 11 մելիքները և Իսրայել Օրու մասնակցությամ հրավիրված գաղտնի ժողովում որոշեցին Օրուն և Մինաս վարդապետին ուղարկել Եվրոպա և Ռուսաստան` Հայաստանը պարսից բռնությունից ազատելու բանակցություններ վարելու համար:
   «Սյունյաց երկրի Սիսիան գավառը արևմուտքից արևելք կտրող Որոտնա գետի վրա է, որ գտնվում է Անգեղակոթ գյուղը:- Գրում է Լեոն.- Գետը, անցնելով գյուղի առջևից, մի շատ սիրուն տեսարան է բաց անում: Այսօր նա մի աննշան ու աղքատ գյուղ է, բայց 17-րդ դարի վերջին, իբրև հզոր և անվանի Մելիք-Սաֆրազի ոստան, մի ամբողջ ավան էր և մի րոպե դարձավ քաղաքական շատ կարևոր կենտրոն» (Երկեր, հ.3, էջ 41):
    Անգեղակոթի անկումը սկսվում է 1750-ական թվականներից հետո, իսկ նրա վերջնականապես դատարկումը հավանաբար կապված է պարսից Աղա-Մահմեդ խանի երկրորդ արշավանքի (1797թ.) հետ:
    Տաթևի եպիսկոպոսարանի մատյանում գրված է վերոհիշյալ գործերի վերաբերյալ  Հովակիմ արքեպիսկոպոս Սյունեցու, որը ծնվել է Անգեղակոթում, առաքելության մասին պահպանված վավերագիրը. «Աղա-Մահմեդ խանը մտավ այս երկիրը, հրդեհեց, այնտեղի ամբողջայս երկիրը, հրդեհեց, այնտեղի ամբողջ բնակչությունը և բազմաթիվ մարդիկ ցիրուցան եղան, այստեղ ու այնտեղ պանդուխտ դարձան: Վանքից հեռացավ և Հովակիմ եպիսկոպոսը, գնաց Էջմիածին, այնտեղ մնաց 19 տարի և հետո մեռավ» (Մատենադարան, ձեռ. 6271):
     1828-30թթ. պարսկահայ գաղթի շնորհիվ Անգեղակոթ եկան Թավրիզի մահալի Ղարաքյավշան գյուղի 200-ից ավելի բնակիչներ և սկիզբ դրեցին Նոր Անգեղակոթին: Խոյեցիք, սալմաստեցիք, քերմանլութցի, ղարաքեվշանցիք, ուզումշեցիք և այլ բնակավայրերից թվով 867 ընտանիք, մոտ 7000 մարդ բնակություն հաստատեց Սիսիանի շրջանի Անգեղակոթ, Շաղաթ, Մազրա, Ալլու (Սարվարդ), Ուզ, Թազա և այլ գյուղերում: Ղարաքեվշանցիք, թվով 179 ընտանիք, 1631 մարդ (885 տղամարդ, 746 կին) դարձան Անգեղակոթի նոր բնակիչ: Դրանց թվում կային նաև շատ հայրենադարձ անգեղակոթցիներ: Անգեղակոթի նոր բնակիչ դարձան Քերմանլուեցիք` 5 ընտանիք: Եղբայրներ Ղազարը (Կալանդարը), Մկրտիչը, Բաղիկը, Զաքարեն, Դինիմը Անգեղակոթի հին Բնակիչ էին:
   1970-ականներին Ղազարի ղեկավարությամբ կազմակերպվում է ջրատարի շինարարությունը Քարի չնգլ կոչվող վայրից (այսինքն` քարերի կույտ) դեպի Անգեղակոթ: Այժմյան Սպանդարյան ջրատարը կառուցված է Ղազարի պլանի  հիման վրա: