Friday, January 6, 2012

Սուրբ Ծնունդն Անգեղակոթում կամ "Ալելույա"

 Անգեղակոթում` իր յուրահատուկ նիստ ու կացով այս գյուղում, Սուրբ Ծնունդն էլ առանձնահատուկ ձևով են նշում: Այն որոշ չափով հիշեցնում է Halloween-ը: Տոնը տեղի բնակիչները անվանում են "Ալելույա", որը նշանակում է "աչքալուսանք" և նշում են հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը: Այդ երեկո գյուղի փողոցները մարդաշատ են լինում: Բնակիչները, անկախ տարիքից, հագուստների և զանազան դիմակների օգնությամբ կերպարանափոխվում են, վերցնում են այդ օրվա համար հատուկ կարված երկար թելերով փոքր պարկերը և մութն ընկնելուն պես դուրս են գալիս և այցելում այլ մարդկան տներ: Դռներն առանց թակելուբացում են, այդ պարկերը ներս գցում, դուռն ուժեղ փակում և գոռում "Ալելույա, Ալելույա...", իսկ տանտերը այդ պարկերի մեջ է լցնում նախօրօք պատրաստված ուտելիքները:   Այսինքն Հիսուսի ծննդյան կապակցությամբ աչքալուսանք են տալիս: 
   Ինչպես ամեն տարի այս տարի էլ մասնակցեցի "Ալելույին": Մենք` ես և մի քանի երեխաներ, դիմակավորված դուրս եկանք տանից և նախապատրաստած պարկը նետեցինք առաջին պատահած բաց դուռը, ամուր ծածկեցինք այն` բռնելով տոպրակի թելը, ապա միաբերան գոչեցինք. "Ալելույա, Ալելույա....": Քիչ հետո մեր տոպրակը ծանրացած դուրս քաշեցինք ու արագ հեռացանք: Տոնի խորհուրդը նաև այն է, որ ներսից չպետք է տեսնեն կամ ճանաչեն տոպրակը նետողին: Տոպրակի մեջ գտանք մի քիչ քաղցրավենիք և իհարկե միրգ ու կոնֆետ: Ոգևորված և ուրախացած շտապեցինք հաջորդ դուռը: Նորից տոպրակը նետեցինք և նորից գոչեցինք. "Ալելույա.....": Քիչ հետո դուրս քաշեցինք մեր ծանրացած տոպրակը. մեր հիասթափությանը չափ չկար, երբ այնտեղ գտանք գարեջրի դատարկ շիշ: Այո', այդպես էլ է լինում, կան նաև այդպիսի մարդիկ: Որոշ ժամանակ անց վերադարձա տուն, որպեսզի ես էլ աչքալուսանք տամ պարկ նետողներին: Նախորոք պատրաստված մրգերը, քաղցրավենիքը դեռ չէի դրել սեղանին, երբ դուռը բացվեց և միանգամից մի քանի պարկ ներս ընկավ դռան արանքից, իսկ դրսից գոչում էին. "Ալելույա...": Ես որոշ ուտելիքներ լցրեցի պարկերը և ասեցի, որ կարող են պարկերը դուրս քաշել: Նրանք շնորհակալություն հայտնեցի ու հեռացան: Եվ այդպես շարունակվեց մինչև մեր նախապատրաստած ուտելիքները գրեթե վերջացան:  Այնուամենայնիվ շատ հետաքրքիր անցավ:
   Նախկինում Անգեղակոթի տները երդիկներ են ունեցել, հենց երդիկների տակ էլ թոնիր է եղել, որը վառելուց հետո քուրսի է դրվել, որն իրենից ներկայացնում է շատ կարճ ոտքերով սեղանիկ, և տան անդամները շարվել են քուսու շուրջը, իսկ վրան դրել են սկուտեղներով լի քաղցրավենիք, որն էլ  լցրել են նետված տոպրակի մեջ: Մարդիկ տոպրակները նետել են երդիկից և տանտերերը ուրախացել են որ իրենք էլ կարող են աչքալուսանք տալ Հիսուսի ծննդյան առթիվ: Անգամ մեծ հայրենական պատերազմի ժամանակ, երբ մարդիկ սովի էին մատնված, "Ալելույի" ժամանակ նետված տոպրակը դատարկ չեն թողել: Այնտեղ գցել են գոնե մի կտոր դդում կամ մի քիչ կարտոֆիլ: 
  Որքան էլ հոգսը իշխի անգեղակոթցու մտքին, միևնույն է "Ալելուն" չի մոռացվում նոր եկող սերնդի կողմից, և ամեն տարի մեծ անհամբերությամբ սպասում է "Ալելույին":
   

No comments:

Post a Comment