Tuesday, January 31, 2012

Սուրբ Ծննդյան տոնը Անգեղակոթի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Սյունիքի Անգեղակոթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ԺԲ դար), 2007թ. հունվարի 8-ին, մեծ հանդիսավորությամբ առաջին անգամ, վերջին 80 տարիների ընթացքում, տոնվեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Բացի Անգեղակոթի բնակչությունից ներկա էին նաև Սիսիանից, Գորիսից և մոտակա գյուղերից ժամանած ուխտավորներ, ինչպես նաև տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Հովիկ Ազոյանը, Սիսիանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը և ուրիշներ: Սիսիանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Հովսեփյանի մատուցված Պատարագից և Ջրօրհնեքի հանդիսավոր արարողությունից հետո, օրվա խորհրդին նվիրված քարոզով իր պատգամը ներկաներին ուղղեց Սյունիքի Փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Աբգար աբեղա Հովակիմյանը: Հայր սուրբն իր խոսքում հորդորեց առավել նախանձախնդրությամբ ու նվիրումով լծվել իրենց գյուղի եկեղեցաշեն աշխատանքներին ու հավատարիմ մնալ մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությանը՝ դրանով իսկ նպաստել Սուրբ Եկեղեցու զորացման նվիրական գործին: Խաչի կնքահայրն էր երիտասարդ գործարար Հովակիմ Մնացականյանը: Հավարտ Ս. Պատարագի Հոգեշնորհ Հայր սուրբն արժանապատիվ Տ. Հակոբ և Տ. Գրիգոր քահանաների ու սարկավագաց դասի հետ կատարեց մատաղի օրհնություն, որն այնուհետև եկեղեցու բակում բաշխվեց ներկա հավատացյալներին: Կեսօրից հետո Սիսիանում Խաչի կնքահոր կողմից կատարվեց հյուրասիրություն, որի ընթացքում Հայր սուրբն իր խոսքի մեջ գոհունակություն ու գնահատանքը հայտնեց բարձր մակարդակի այս սրբազան ձեռնարկների կազմակերպման առիթով և նշեց, որ այս օրերին, երբ հայու հոգուն սպառնացող աղանդները դեռ գործում են Սյունիքի մարզում, հույժ կարևոր է միասնաբար նեցուկ կանգնել Մայր Եկեղեցուն: Նշենք նաև, որ ամեն տարի Անգեղակոթի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվում են բոլոր եկեղեցական տոները, ինչպես նաև կնքվում են ամուսնություններ:

No comments:

Post a Comment